Սիրելի ընթերցողներ,
Առջևում է Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրությունում 1915 թ. ապրիլի 24-ին բռնություն էր սկսվել, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և դաժանաբար սպանվեցին հայկական մտավորականության 2345 ներկայացուցիչներ։ Այդ բռնությունները շարունակվեցին տարիներ շարունակ՝ խլելով մեկուկես միլիոն անմեղ հայերի կյանք։ Արդեն անցել է ավելի քան մեկ դար այդ խայտառակ հանցագործությունից, սակայն հայերը մինչ օրս ստիպված են պայքարել ճշմարտության և արդարության համար։ Եվ այդ պայքարում նրանք չափազանց կարիք ունեն դաշնակիցների։
Լեհաստանի Հանրապետությունը դեռ 20 տարի առաջ՝ Սեյմի հատուկ բանաձևով, պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որպես ցեղասպանություն՝ ընդգծելով, որ դրա դատապարտումը «ամբողջ մարդկության բարոյական պարտքն է»։ Մեր այս թողարկման էջերում մարշալ Մարեկ Յուրեկը պատմում է այդ պատմական բանաձևի նախապատրաստման ընթացքի և դրա արձագանքների մասին։
Այս համարում մենք հիշում ենք նաև Բոգդան Գեմբարսկու կերպարը, ով դեռ կես դար առաջ հանդես էր գալիս թուրքական կողմից 1915 թ. հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին։ Իր այս գործունեության համար նա վաստակեց հայ ժողովրդի երախտագիտությունը, որի խորհրդանիշը՝ խաչքարը, տեղադրված է նրա գերեզմանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի նվիրատվությամբ։
Հատկապես հրավիրում ենք ձեզ ծանոթանալ թուրք-հայկական հարաբերությունների միջնադարից հասած պատմությանը, որոնք իրենց սկզբից իսկ նշանավորված էին սելջուկյան նվաճողների դաժանությամբ։ Սակայն, ինչպես հիշեցնում է իր հոդվածում Վիտոլդ Ռեպետովիչը, այդ հարաբերություններն ունեցել են նաև իրենց լուսավոր էջերը։
Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մոտ է ժամանակային առումով մի քանի օր առաջ նշվող Սուրբ Զատկին։ Թող այս բացառիկ պահը մեզ օգնի՝ հավատով նայելու հայ ժողովրդի տառապալից պատմությանը՝ հիշելով, որ խաչը հարության սկիզբն է։
Խմբագրություն
www.awedis.ormianie.pl

Wirtualny Świat Polskich Ormian