Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը արքեպս. Ադրիան Գալբասին նշանակել է Լեհաստանում բնակվող Արևելյան ծիսակարգի կաթողիկե Եկեղեցիների հավատացյալների նոր օրդինարիոս, այդ թվում՝ Հայ Կաթողիկե Եկեղեցու հավատացյալների առաջնորդ։ Այդ մասին այսօր կեսօրին հայտնել է Լեհաստանում Առաքելական Նունցիատուրան։
Արքեպս. Ադրիան Գալբասը կստանձնի այն հավատացյալների հոգևոր առաջնորդի դերը, ովքեր պատկանում են Արևելյան կաթողիկե Եկեղեցիներին և բնակվում են Լեհաստանում, սակայն չունեն սեփական եկեղեցական կառավարման կառուցվածք։
Բացի հռոմեական կաթողիկե Եկեղեցուց, որն ունի Լեհաստանում կայուն և զարգացած կառույց (արքեպիսկոպոսություններ և թեմեր), երկրում ապրում են նաև այլ Արևելյան ծիսակարգի կաթողիկե եկեղեցիների հավատացյալներ։ Դրանք Եկեղեցիներ են, որոնք ծագում են արևելյան ավանդույթներից, սակայն լիակատար միության մեջ են Հռոմի Պապի հետ։ Նրանց շարքում են, օրինակ, հայ կաթողիկէները, հունական կաթողիկէները (հռոմեա-կաթոլիկներ), մարոնիները և ղպտիները։ Այս Եկեղեցիները տարբերվում են լատինական Եկեղեցուց իրենց լիտուրգիական ավանդությամբ, կանոնական կարգապահությամբ (կարգավորվում են «Արևելյան կաթողիկե Եկեղեցիների կանոնների ժողովածուով») և աստվածաբանական տերմինաբանության որոշ յուրահատկություններով։ Չպետք է նրանց շփոթել ուղղափառ Եկեղեցիների հետ, քանի որ նրանք ճանաչում են Հռոմի Պապի գերիշխանությունը՝ միաժամանակ պահպանելով արևելյան ավանդույթները։
Արքեպս. Ադրիան Գալբասը կստանձնի նաև Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի հոգևոր հովվապետի դերը։ Հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին՝ Լեհաստանում Արևելյան ծիսակարգի կաթողիկեների օրդինարիոս, Վարշավայի արքեպիսկոպոս, հիշատակելի կարդինալ Յուզեֆ Գլեմպի նախաձեռնությամբ։ Մինչ այս տարվա սկիզբը Հիմնադրամի հոգևոր հովվապետը եղել է արքեպս. կարդինալ Կազիմեժ Նիչը, ում Հիմնադրամը խորին երախտագիտություն է հայտնում տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և հոգածության համար։
Ավելին՝ https://archwwa.pl/aktualnosci/abp-galbas-mianowany-nowym-ordynariuszem-wiernych-obrzadkow-wschodnich-w-polsce-2/
լուս.՝ Յակուբ Շիմչուկ

Wirtualny Świat Polskich Ormian