4 հոկտեմբերի, 2024թ․
Բացվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը, որը Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը կազմակերպել է ֆրանսիական «L’Œuvre d’Orient» կազմակերպության հետ համատեղ, և որը նվիրված է Մեծ Հայքի պատմական մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված հայկական մշակութային ժառանգությանը:
Ցուցահանդեսը բացվել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Վարշավայի Հայր Յան Տվարդովսկու պուրակում Վարշավայի մետրոպոլիտ-արքեպիսկոպոս և Լեհաստանի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ կարդինալ Կաժիմիեժ Նիչի կողմից՝ օժանդակ եպիսկոպոս, պրոֆ․ եպիսկոպոս Միխալ Յանոխայի ուղեկցությամբ։ Ցուցահանդեսը կներկայացվի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 18-ը։ Ելույթներով հանդես եկան՝ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Վարշավայի օժանդակ եպիսկոպոս պրոֆ․ եպիսկոպոս Միխալ Յանոխան, «L’Œuvre d’Orient» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներն, ի դեմս նախագահ Ժան-Իվ Տոլոտի և Ֆրանսիայի Օրինարիատի խորհրդի անդամ հայր Ժան-Մարի Հյումոյի, Լեհաստանում «L’Œuvre d’Orient»-ի ներկայացուցիչ Միկոլայ Մուրկոչինսկին և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Մարիա Օհանովիչ-Տարասյուկը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին ցուցահանդեսը հասանելի դարձնելու համար։ Հարգարժան հյուրերի թվում էին` Յանուշ Բոդզոնը՝ Վարշավայի Մետրոպոլիտար Կուրիայի կանցլերը, Լեհահայոց մշակույթի և ժառանգության Հիմնադրամի ընկերներն ու համակիրները: Ցուցահանդեսի բացումից հետո ներկաները հրավիրվեցին Վարշավայի Պատմության հանդիպման տուն, որտեղ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատմության և ժամանակակից ողբերգական ճակատագրի վերաբերյալ դասախոսություններ կարդացին Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նախկին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին և Լեհաստանում հայ կաթոլիկների հոգևոր հովիվ պրոֆ․ Յուզեֆ Նաումովիչը: Հայկական հյուրասիրությունից հետո «L’Œuvre d’Orient»-ի հյուրերն այցելեցին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնական գրասենյակ, որտեղ ծանոթացան Լեհահայերի գանձարանի հավաքածուներին:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում պարոն Միկոլայ Մուրկոչինսկուն՝ այս բացառիկ գեղեցիկ ցուցահանդեսը Փարիզից, որտեղ այն նախկինում ցուցադրվել էր, Վարշավա տեղափոխելու նախաձեռնողին, ով նաև մասնակցել է դրա ստեղծմանը, բացի այդ, նա թարգմանել է ֆրանսերեն տեքստերը:
Այս իրադարձության մասին մանրամասն զեկույցը կհրապարակվի հայկական «Ավետիս» ամսագրում։ Ցուցահանդեսին ներկայացվել են պատմական շինություններ՝ շենքեր, եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր։ Այն ցույց է տալիս գրեթե երկու հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը, որն այժմ ոչնչացվում է ադրբեջանական ագրեսիայի պատճառով:
լուս․՝ Արմեն Արտվիխ և Վլադիսլավ Դենցա