Ապրիլի 8-ին Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի տարածքում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված նշանավոր քաղաքացիագետ իրավաբան, պրոֆեսոր Ալֆրեդ Օհանովիչի հիշատակին։ Գիտաժողովը կազմակերպվել էր Լեհաստանում Հայ երիտասարդների կազմակերպության ներկայացուցիչների կողմից՝ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Ղարիբյանի գլխավորությամբ։ Այս միջոցառմանը Պրոֆեսոր Օհանովիչի մայր բուհից՝ Պոզնանի համալսարանից, ժամանել էր հետաքրքիր զեկուցմամբ պրոֆեսոր դոկտոր հաբիլիտացված Անջեյ Գուլչինսկին, որը դեռևս ուսանող տարիներին առնչվել էր գիտ․ դոկտոր, պրոֆ Օհանովիչի հետ։ Իր «Հայկական ավանդույթի և եվրոպական իրավական մշակույթի միջև» խորագրով զեկուցման ընթացքում նա անդրադարձավ Պրոֆեսորի կապերին լեհահայերի հետ, ներկայացրեց նրա գիտական ուղին, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի և լեհական օրենսդրության զարգացման գործում ունեցած կարևորագույն ձեռքբերումներն ու վաստակը։ Հաջորդ զեկուցումով հանդես եկավ համալսարանի գիտ․ դոկտոր, պրոֆ Դարիուշ Ֆուխսն էր, ով իր «Պայմանագրերի ազատությունը՝ ըստ պրոֆեսոր Ալֆրեդ Օհանովիչի, կամ՝ անժամկետ ուղենիշներ լեհ օրենսդրի համար» խորագրով զեկուցումը նվիրեց այն փաստի հիմնավորմանը, որ տարիներ առաջ Պրոֆեսորի կողմից մշակված իրավական սկզբունքները մինչ օրս շարունակում են մնալ արդիական։ Կարճ ընդմիջումից հետո հնարավորություն ունեցանք առցանց լսելու Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի գիտ․ դոկտոր, պրոֆ Ագնեշկա Պիժինսկայի զեկուցումը։ Իր «Պրոֆեսոր Ալֆրեդ Օհանովիչը՝ պոզնանյան քաղաքացիական իրավունքի դպրոցի հիմնադիրը» խորագրով ելույթում նա ներկայացրեց պրոֆեսոր Ալֆրեդ Օհանովիչի կապերը Պոզնանի համալսարանի հետ և նրա մեծ ներդրումը լեհական քաղաքացիական իրավունքի զարգացման գործում։ Զեկուցողը անդրադարձավ նաև նրա իրավական ձեռքբերումների արդիականությանը՝ նշելով, որ նույնիսկ վերջերս՝ 2025 թվականին, Գերագույն դատարանը իր որոշումներում հղում է կատարել նրա իրավական աշխատություններին։ Վերջին զեկուցողը փաստաբան Արմեն Արտվիխն էր, ում ելույթը նվիրված էր «Ուղղակի հարստացման և դելիկտային պատասխանատվության հարաբերակցությունը պրոֆեսոր Ալֆրեդ Օհանովիչի հայեցակարգում» թեմային։ Նա պարզ և մատչելի ձևով ներկայացրեց այս բարդ թեման նաև իրավաբանական ոլորտից դուրս գտնվող ունկնդիրներին։ Երիտասարդ կազմակերպիչների հետաքրքրությունը պրոֆեսոր Ալֆրեդ Օհանովիչի անձի նկատմամբ պայմանավորված էր ոչ միայն լեհական քաղաքացիական իրավունքի զարգացման գործում նրա ունեցած մեծ վաստակի գնահատմամբ, այլև նրա հայկական ծագմամբ։ Մեծ գնահատանքի են արժանի նրանք՝ Պրոֆեսորի կերպարը հիշատակելու, այսքան հետաքրքիր զեկուցողներ հրավիրելու և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Wirtualny Świat Polskich Ormian