Այս տարի Լեհաստանի մայրաքաղաքում հայկական փոքրամասնության համայնքը Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը նշեց պատշաճ կերպով։ Տարբեր կազմակերպությունների պատրաստած միջոցառումները շարունակվեցին երեք օր։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին՝ չորեքշաբթի օրը, Վարշավայի Սուրբ Երրորդության ավետարանական եկեղեցում կազմակերպված համերգով, որը կազմակերպել էր Հայ-լեհական հասարակական կոմիտեն։
Համերգ Սուրբ Երրորդության եկեղեցում
Համերգից առաջ ելույթ ունեցան՝ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության ներկայացուցիչ՝ Մարկոս եպիսկոպոսը, Հայաստանի Հանրապետության դեսպանն Լեհաստանում՝ գերաշնորհ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև համերգի կազմակերպիչ, Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ՝ Հրաչյա Բոյաջյանը։ Ծրագրում հնչեցին Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, Արամ Բաբաջանյանի, Հենրիկ Գորեցկու և ժամանակակից հայկական երաժշտության գործեր։ Դրանք կատարվեցին Գրիգոր Առաքելյանի (Հայաստան) ղեկավարած Սիլեզիայի կամերային նվագախմբի և «Resonans con tutti» երգչախմբի կողմից՝ Արլենա և Վալդեմար Գալյազկների պատրաստությամբ։ Գրիգոր Առաքելյանի՝ Մեսրոպ Մաշտոցի տեքստերով կոմպոզիցիան արժանացավ մեծարանքի խոսքերի։
Գիտաժողով Վարշավայի համալսարանում
Ապրիլի 24-ին՝ Եղեռնի տարելիցի երկրորդ օրը, Լեհաստանի Հայ երիտասարդության կազմակերպությունը կազմակերպեց գիտաժողով՝ «Armenian Genocide Remembrance Day» խորագրով։ Կազմակերպությունը միավորում է Վարշավայում սովորող հայ ուսանողներին։ Գիտաժողովում անցկացվեցին թեմատիկ քննարկումներ՝ պատմաբանների, լրագրողների ու ակտիվիստների մասնակցությամբ։ Բանախոսությունները կենտրոնացած էին Եղեռնի վերաբերյալ միջազգային ընկալումների, պատմագիտական և մեդիա դիտարկումների շուրջ։ Հիշատակվեց նաև Լեհաստանի Սեյմի 20 տարի առաջ ընդունած բանաձևը, որով Լեհաստանը պաշտոնապես ճանաչեց 1915 թ․ կոտորածները որպես ցեղասպանություն։
Էկումենիկ աղոթք Հայկական հրապարակում
Գիտաժողովից հետո մասնակիցները ուղևորվեցին Վարշավայի Հայկական պուրակ, որտեղ ելույթ ունեցավ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ ընդգծելով պատմական հիշողության և ժողովուրդների երկխոսության կարևորությունը։ Այնուհետև տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ զոհերի հիշատակին՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայր Մինաս Հախվերդյանի և Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ, պրոֆեսոր Հովսեփ Նաումովիչի գլխավորությամբ։ Միջոցառման հետագա հատվածում տարբեր հաստատությունների, խորհրդարանական խմբերի և հասարակական կազմակերպությունների պատվիրակությունները ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին, վառվեցին խաչի տեսքով դասավորված մոմեր։
Ապրիլի 25-ը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների արդեն երրորդ օրն էր։ Այս օրը կազմակերպված միջոցառումներն անցկացվեցին Վարշավայի մետրոպոլիտ արքեպիսկոպոս Ադրիան Գալբասի պատվավոր հովանու ներքո։ Նա Լեհաստանում հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդն է։ Սակայն այդ օրը գերաշնորհը չէր կարող մասնակցել միջոցառումներին, քանի որ գտնվում էր Հռոմում՝ Սրբազան Հայր Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը։
Քննարկում «Հայոց ցեղասպանությունը աշխարհի հայացքով»՝ Վարշավայի Արքեպիսկոպոսական նստավայրում
Ապրիլի 25-ին, ժամը 16։30-ին, Վարշավայի Միոդովա փողոցում՝ Մետրոպոլիտական Կուրիայի շենքում, կայացավ «Հայոց ցեղասպանությունը աշխարհի հայացքով» խորագրով քննարկում՝ նվիրված Լեհաստանի Հանրապետության Սեյմի՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական բանաձևի 20-ամյակին։ Միջոցառումն իրականացվել էր Գլիվիցեի Տ. Հոգեշնորհ արքեպիսկոպոս Հովսեփ Թեոդորովիչի անվան Լեհաստանի Հայերի Միության նախաձեռնությամբ։
Պատվավոր հյուրի կարգավիճակով միջոցառմանը ներկա էր Գերաշնորհ Ռաֆալ Մարկովսկի եպիսկոպոսը։ Քննարկման մասնակիցներն էին՝ Հայ կաթոլիկների հոգևոր հովիվ, պրոֆեսոր Հովսեփ Նաումովիչը, Լեհաստանի Սեյմի նախկին նախագահ և հիշյալ բանաձևի համահեղինակ Մարեկ Յուրեկը, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, գիտնական և հրապարակախոս դոկտոր Վիտոլդ Ռեպետովիչը, ինչպես նաև Լեհահայոց Մշակույթի և Ժառանգության Հիմնադրամի համահիմնադիր և նախկին նախագահ Յան Աբգարովիչը։ Քննարկումը վարում էր ճանաչված լրագրող Քշիշտոֆ Զիեմեցը։
Միջոցառման ավարտին պրոֆ. Հովսեփ Նաումովիչը Հայոց ցեղասպանության նահատակների հոգու հանգստության համար աղոթք կատարեց։
Վարշավայի Ֆրետի փողոցի Հայկական նրբանցքում բացվեց «Հայերը – Բաքու – 1905» ցուցահնադեսը
Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում այդ օրը, ժամը 18:30-ին, տեղի ունեցավ «Հայերը – Բաքու – 1905» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը պատրաստել էր Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը։ 1915 թվականի իրադարձությունները հայ ժողովրդի բնաջնջման սկիզբը չէին․ ողբերգական դեպքերը տեղի էին ունենում դեռևս 19-րդ դարի վերջերից։ Այդ վայրագությունների դրսևորումներից էր 1905 թ․ Բաքվում հայերի մի քանի օր տևած ջարդերը, որոնք կազմակերպել էին կովկասյան մուսուլման թաթարները, որ հետագայում ադրբեջանցիներ կոչվեցին։
Լեհահայ ընտանիքներից մեկը՝ Ստանիսլավ և Զոֆյա Լուկաշևիչները, 19-րդ դարի վերջում հեռացել էին Ավստրո-Հունգարական կայսրությունից և հաստատվել Բաքվում, որը հայտնի էր որպես «նավթի էլդորադո»։ Մի քանի օր տևած անկարգությունները և հայ բնակչության կոտորածը խոր հետք էին թողել նրանց հիշողության մեջ։ Տարիներ անց հեռանալով Բաքվից՝ նրանք իրենց հետ տարել էին այդ իրադարձությունները վկայող լուսանկարները։ Մի քանի տարի առաջ Լուկաշևիչների ծոռնուհին այդ նյութերը հանձնել էր Հիմնադրամի արխիվին։ Այս նվերին շնորհիվ՝ Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը, 1905 թվականի ջարդերի 120-րդ տարելիցի կապակցությամբ, կազմակերպել է բացօթյա ցուցահանդես՝ «Հայերը – Բաքու – 1905» խորագրով։

Występ sopranistki Hasmik Baghdasaryan-Dolukhanyan podczas koncertu w kościele św. Jacka w Warszawie, fot. Skarbnica Polskich Ormian
Հայ կաթողիկէ պատարագ Սբ Հակոբ եկեղեցում
Ցուցահանդեսից հետո մասնակիցները ներկա գտնվեցին Հայ Կաթողիկե պատարագին, որը մատուցեց պրոֆ․ Հովսեփ Նաումովիչը՝ Սբ Հակոբ եկեղեցում։ Աղոթեցինք 1,5 մլն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։ Քարոզում հիշատակվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 2015 թ․ Պատարագը Սբ Պետրոսի տաճարում, ինչպես նաև նահատակ Իգնատիոս Մալոյանի կերպարը։ Հիշատակվեց նաև Եղեռնի նահատակների սրբադասումը՝ Առաքելական Եկեղեցու կողմից։
Օրվա վերջին միջոցառումը հայկական երաժշտության համերգն էր՝ կազմակերպված «ՆՈՒՌ» մշակութային նախաձեռնությունների ինստիտուտի կողմից։ Ելույթ ունեցան Հայաստանից հրավիրված հրաշալի երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը (սոպրանո), Նելլի Մարտիրոսյանը (դուդուկ) և ջութակահարուհի Քրիստինե Հարությունյանը
