1 հոկտեմբերի, 2024
Սեպտեմբերի 30-ը Պլոնսկում նվիրված է եղել բժիշկ, օդերևութաբան և ականավոր աստղագետ, Պլոնսկի բնակիչ Յան Ենդժեյևիչի (1835-1887) հիշատակին: Այդ օրը տեղի ունեցավ Յան Ենդժեյևիչի անվան 12-րդ գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ գիտության և տեխնիկայի պատմության մասին լավագույն լեհալեզու գրքի համար, որը կազմակերպվել էր Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ: Բացի 2023 թվականի հաղթողների ելույթներից (Պլոնսկի քաղաքային խորհրդի կողմից ֆինանսավորվող մրցանակին է արժանացել Փշեմիսլավ Դոմինասը՝ «Կենտրոնական անդրանդյան երկաթուղի Կալաո — Լիմա — Լա Օրոյա․ լեհ ինժեներ Էռնեստ Մալինովսկու ստեղծագործությունը» գրքի համար), տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված աստղագիտական հետազոտություններում արհեստական բանականության կիրառմանը։ Պլոնսկի քաղաքապետ Անդժեյ Պետրասիկի և բազմաթիվ դպրոցական երիտասարդների հետ միասին ծաղիկներ դրվեցին և մոմեր վառվեցին Յան Ենդժեյևիչի շիրիմին: Այնուհետև բացվեց Տիտուս Բժոզովսկու հեղինակած հմայիչ որմնանկարը (երկու շենքերի վրա, Գրունվալդսկա 28 և 35)՝ ի հիշատակ Յան Ենդժեյևիչի։ Աշակերտները ներկայացրեցին բեմադրություն՝ անդրադառնալով աստղագիտությանը, քաղաքի հերոսին և նրա հրեա բնակիչների ողբերգական ճակատագրին։ Պլոնսկի պլանետարիումը և աստղադիտարանը ցուցադրեցին այնտեղ առկա ութ ֆիլմերից (երկուսը 3D ձևաչափով) մեկը, այնուհետև Ադամ Դերջիկովսկին (լուսանկարում) Պլոնսկի Յան Ենդժեյևիչի անվ․ աստղագիտության սիրահարների շրջանակից, Պլանետարիումի համակարգողն ու այդ օրվա բոլոր տոնակատարությունների համակազմակերպիչը, աստղադիտարանի գմբեթի տակ գտնվող աստղադիտակի միջոցով ցուցադրեց արևի բծերը:
Յան Ենդժեյևիչի մասին հիշատակվելու է Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունում, որտեղ կներկայացվեն Ենդժեյովիչ- Ենդժեյևիչ ընտանիքի տարբեր գործիչներ։ Ցուցահանդեսի բացումը պլանավորված է 2024 թվականի նոյեմբերի 24-ին: Սրտանց հրավիրում ենք: Մոնիկա Ագոպսովիչ