Վոլովի բենեդիկտյան քույրերը՝ Լվովի հայ բենեդիկտյան քույրերի ժառանգները, սույն թվականի հունվարի 10-ին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամին նվիրեցին հերթական չափազանց արժեքավոր նվերը` Լվովի բենեդիկտյան քույրերի մնացած 4 դիմանկարները և «Աստծամայրը մանկան հետ» կտավը:
Վերադաս քույրեր՝ Մարիաննա Ներսեսևիչովնայի, Աննա Լյուդվիկա Քշիշտոֆովիչովնայի, Կայետանա Ռոզալիա Սարկիսևիչովնայի և Յանինա Ալոյզա Յանովիչովնայի դիմանկարները: Այս չորս կտավները լրացնում են Լվովի հայ բենեդիկտյան քույրերի առկա և պահպանված 11 դիմանկարների հավաքածուն: Նախկինում Վոլովի բենեդիկտյան քույրերից ստացել ենք 7 կտավ, որոնք արդեն անցել են մասնագիտական հետազոտություններ և կոնսերվացվել են, ինչի շնորհիվ վերգտել են նախկին շքեղությունը՝ պահպանելով սակայն ժամանակի բոլոր հետքերը: Այս դիմանկարների նվիրատվությունը Հիմնադրամի համար պատմական իրադարձություն է. ստացել ենք անցյալ դարաշրջանի ամենաթանկարժեք նմուշներից մեկը` հայ բենեդիկտյան քույրերի միաբանության հիշատակը, և միևնույն ժամանակ կտավների յուրօրինակ հավաքածու, որը հնարավորություն է տալիս դիտարկելու տվյալ ժամանակի նկարչության տենդենցները:
Պայմանագիրը և փոխանցման արձանագրությունը ստորագրեցին՝ վանքի վերադաս քույր Մարիա Դանուտա Տրիբուլան և Հիմնադրամի կողմից՝ խորհրդի նախագահ Մարիա Օհանովիչ-Տարասյուկը, նկարների փոխանցման գործողությանը մասնակցում էր վանքի հաճախակի այցելու՝ Ռոմանա Օբրոցկան: Այցելության ընթացքում քույր Մարիան մեզ ցույց տվեց մի գեղեցիկ սրբատուփ` Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Բենեդիկտի մասունքներով, և օրիգինալ ասա, որը կարելի է տեսնել քույրերի վերջին երեք դիմանկարներում: Ունեցանք նաև հնարավորություն այցելելու վանքի մատուռ:
Այսպիսով, ցանկանում ենք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Բենեդիկտյան քույրերին Հիմնադրամին ընծայած առատաձեռն նվերի համար, այս որոշման շնորհիվ Բենեդիկտյան միաբանության պատմության համար անգնահատելի այս դիմանկարները կփրկվեն ժամանակի հետևանքով առաջացած դեգրադացիայից և կվերականգնեն իրենց նախկին շքեղությունը: