2026 թվականի մարտի 18-ին՝ չորեքշաբթի օրը, տեղի ունեցավ Յագելոնյան համալսարանի Պատմության ինստիտուտին կից հիմնադրված Սադոկ Բարոնչի անվան Լեհահայերի պատմության ուսումնասիրման կենտրոնի գործունեության պաշտոնական բացումը։
Ինչպես կարդում ենք Ինստիտուտի ֆեյսբուքյան էջում. «Ուրախ ենք, որ Լեհաստանում հայերի պատմության ուսումնասիրության կենտրոնը, որն զբաղվելու է միջնադարից մինչև մեր օրերը հայերի պատմության հետազոտությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սոցիալ-տնտեսական հարցերին, մշակույթին, Հայ Եկեղեցու պատմությանը, լեհ-հայկական հարաբերություններին և սփյուռքի պատմությանը, հիմնադրվել է հենց Յագելոնյան համալսարանում: Կենտրոնի գործունեությունը կներառի ինչպես գիտական ծրագրերի իրականացում, այնպես էլ հանրահռչակմանն ուղղված նախաձեռնություններ, այդ թվում՝ գիտաժողովների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքների զարգացում (մասնավորապես՝ սկզբնաղբյուրների թվային շտեմարանի ստեղծում և զարգացում):
Կենտրոնի գործունեության պաշտոնական բացումը կարևոր քայլ է Լեհաստանում հայերի պատմության ուսումնասիրության զարգացման և այս ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ»։
Բացման արարողությանը Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը ներկայացնում էր հիմնադրամի վարչության անդամ Պավել Կժեչունովիչը։ Ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն «Ավետիս» եռամսյա պարբերականի առաջիկա համարում։ Լուսանկարը՝ Սադոկ Բարոնչի անվան Լեհաստանի հայերի պատմության ուսումնասիրման կենտրոն
