Սրբազանն ու աշխարհիկը Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի հավաքածուի հայ-լեհ-ֆրանսիական խորանի ճակատածածկում

Հիմնադրամի հարուստ հավաքածուի բացառիկ գործվածքներից է ասեղնագործ խորանի ճակատածածկը (antependium կամ frontale), որը նախատեսված է խորանի սեղանի առջևի մասը զարդարելու համար։ Այն նախկինում երբևէ չի թվագրվել, նկարագրվել կամ ուսումնասիրվել։ Հայտնի է միայն, որ այն ծագում է Լեհաստանի պատմական արևելյան սահմանամերձ շրջանների հայկական հին ծխերից մեկից։ Ուսումնասիրության աշխատանքները սկսելիս ես նախնականորեն առաջարկեցի ասեղնագործությունը թվագրել XVIII դարով։
Առաջին հայացքից Հիմնադրամի հավաքածուի այս բազմագույն խորանի ճակատածածկը, սակայն, ավելի ուշ շրջանի աշխատանք է թվում։ Վառ գույների, զարդանախշերի առատության և դրանց խիտ համադրության պատճառով այն նույնիսկ բարոկկո ոճի ժողովրդական արվեստի տպավորություն է թողնում։ Սակայն ավելի ուշադիր զննելիս պարզ է դառնում, որ գործ ունենք XVIII դարի առաջին կեսին ստեղծված, մանրակրկիտ մտածված նախագծով իրականացված ստեղծագործության հետ։ Ակնհայտ են ցանցավոր կտավի վրա կատարված մանր ասեղնագործության տեխնիկայի կատարելությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև բարձրագույն որակի նյութերի կիրառումը։
Թեև առաջին հայացքից թվում է, թե ճակատածածկը պատրաստված է ասեղնագործ գործվածքի մեկ ամբողջական շերտից, իրականում այն մեծ ճշգրտությամբ միացվել է առանձին պատրաստված վեց հատվածներից։ Դրա զգալի չափերը՝ 95 սմ բարձրություն և 304 սմ լայնություն, վկայում են, որ այն նախատեսված է եղել գլխավոր խորանի զարդարման համար։
Ճակատածածկի հորինվածքի կենտրոնում՝ շողարձակ փառապսակի մեջ պատկերված սիրտը պատկանում է Հիսուսի Ամենասուրբ Սրտի վաղ պատկերագրությանը, որը ձևավորվել է սուրբ Մարգարիտա Մարիա Ալակոկի՝ 1673-1675 թվականների տեսիլքների հիման վրա։ XVIII դարի մինչև 1760-ական թվականները շարունակված աստվածաբանական բանավեճերի համատեքստում ստեղծվում էին Հիսուսի Սրտի բազմաթիվ գրաֆիկական և գեղանկարչական պատկերներ, որոնց հեղինակները ձգտում էին անատոմիական ատլասներին բնորոշ իրատեսության։
Սա Հիսուսի Ամենասուրբ Սրտի խիստ ինքնատիպ պատկերում է և, հավանաբար, Լեհաստանում պահպանված այս պատկերագրական թեմայի ամենավաղ օրինակներից մեկը։
Այսպիսով, XVIII դարի առաջին կեսին Լվովում ստեղծված մեկ ճակատածածկի մեջ միավորվել են աշխարհիկ ասեղնագործության ֆրանսիական տեխնիկան ու զարդարվեստը և այդ ժամանակաշրջանում խիստ արդիական ու դեռևս զարգացող քրիստոսաբանական նոր խորհրդանիշի՝ սուրբ Մարգարիտա Մարիա Ալակոկի տեսիլքների համաձայն պատկերված Հիսուսի Ամենասուրբ Սրտի պատկերագրությունը։ Ամբողջ հորինվածքը կատարված է տեղական ճաշակին ու ավանդույթներին համապատասխան շքեղությամբ։

Այստեղ ներկայացրել ենք միայն կարճ հատվածներ Մալգոժատա Պոդկանսկայի՝ գործվածքների վերականգնող մասնագետի և արվեստի պատմաբանի հետաքրքրաշարժ հոդվածից։ Նա Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի գործվածքների հարուստ հավաքածուի պատասխանատուն է։

Խորանի այս բացառիկ ճակատածածկի և դրա պատրաստման ժամանակ կիրառված գործվածքային ու ասեղնագործական տեխնիկայի մասին առավել մանրամասն և ուշագրավ տեղեկություններ ստանալու համար հրավիրում ենք ընթերցելու «Ավեդիս» հանդեսի առաջիկա համարը։

Լուսանկարը՝ Մալգոժատա Պոդկանսկայի

Wirtualny Świat Polskich Ormian