Լույս է տեսել «Ավետիսի» 48-րդ համարը՝ 2021 թ․ աշուն: Խմբագրական խոսքում կարդում ենք․
Սիրելի՛ ընթերցողներ
Սեպտեմբերի 27-ին, մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա և սկսվեց 44-օրյա պատերազմը, որին զոհ գնաց առնվազն 7000 զինվոր և խաղաղ բնակիչ, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել պատերազմական գոտին և ապաստան գտնել Հայաստանում կամ արտերկրում: Ադրբեջանական կողմին ակտիվորեն աջակցում էր Թուրքիան՝ ինչպես տեխնիկայով, այնպես էլ զինվորական անձնակազմով: Այս տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Արցախի գրավյալ տարածքներ, Շուշի քաղաք և Ադրբեջանի հետ կնքեց դաշինքի նոր պայմանագիր: Այսպիսով, ըստ որոշ մեկնաբանների, Ադրբեջանը մտել է Թուրքիայի կողմից վասալացման ուղի: Մինչդեռ աշխարհը կարծես մոռացել է այս պատերազմի մասին: Որպես օրինակ կարելի է նշել Եվրո 2020-ի հանդիպումները, որոնք անցկացվեցին Բաքվում: Ֆուտբոլային հույզերը պետք է ծածկեին վերջին ագրեսիայի և զոհերի մասին հիշողությունը:
Բայց թե լեհահայերը և թե ամբողջ աշխարհում ապրող հայերը չեն մոռացել: Այս տարի, չնայած Հայաստանի անկախության 30-ամյակին, հիմնական թեման դեռևս պատերազմն է և դրա հետևանքները: Լեհաստանում տոնակատարության փոխարեն ծաղկեպսակներ ու մոմավառություններ էին: Պատերազմից տուժածներին աջակցելուն ուղղված բարեգործական ակցիաները դեռ շարունակվում են, օրինակ` նկարչական աճուրդները (էջ 14) կամ Հայաստանից երեխաների համար ուղևորությունները (էջ 9): Լեհահայերը նաև ցանկանում են հուշարձաններով ոգեկոչել զոհերի հիշատակը, այստեղից էլ` Բիալիստոկի նոր խաչքարը (էջ 2):
Մխիթարական է, որ վերջին եռամսյակում հիվանդության դեպքերի թիվը նվազեց,
և հնարավոր եղավ վերադառնալ քիչ թե շատ սովորական ապրելակերպի: Հայկական օրերը Գդանսկում (էջ 1) կամ եկեղեցական արարողությունները չէին կարող տեղի ունենալ լոքդաունի պայմաններում: Հետևաբար, հույս ունենք, որ հիվանդության հաջորդ՝ աշուն-ձմեռ ալիքն այնքան լուրջ չի լինի, որքան անցյալ տարի, և որ հաջորդ տարին կարելի կլինի համարել համաճարակից ազատ:
Խմբագրություն
Հրավիրում ենք ընթերցանության՝ Ավետիս

Wirtualny Świat Polskich Ormian