Դժվար է հավատալ, բայց արդեն տասը տարի է անցել «Ավետիսի» առաջին համարից (2009 թ. աշուն): Շապիկի թեման Գդանսկի խաչքարի բացումն էր (մեր «հասակակացի» մասին՝ 3-րդ էջում): Արժե այցելել awedis.ormianie.pl էջը և վերհիշել, թե ինչ էր կատարվում այն ժամանակ լեհահայերի շրջանում: Հիշողությունները կարոտախտ են առաջացնում: Նկարներում ծանոթ դեմքեր են, ուղղակի 10 տարով երիտասարդ: Սակայն կար նաև լեհահայերին համախմբելու և նրանց կարևոր տեղեկություններ հասցնելու՝ հուսադրող առաքելությունը: Արդյո՞ք այդ առաքելությունն «Ավետիսն» իրականացրել է: Դա կախված է ձեր գնահատականից:
Որպես խմբագրություն կարող ենք միայն ասել, որ աշխատելով փոփոխական կազմով և սահմանափակ ռեսուրսներով, փորձել ենք այս 40 համարներում ներառել այն, ինչը, մեր կարծիքով, ամենակարևորն էր ինչպես ներկայումս Լեհաստանում բնակվող հայերի, այնպես էլ ապագա սերունդների համար: Ի վերջո, մենք նույնպես, վերանայելով նախապատերազմյան «Սուրբ Գրիգորի սուրհանդակի» էջերը, կարող ենք զգալ այդ ժամանակները և ավելի լավ հասկանալ այդ մարդկանց: Եղել են զեկույցներ, հայտարարություններ, կենսագրություններ, պատմական և սոցիալ-մշակութային հոդվածներ, հարցազրույցներ… Եվ աշխատանք, աշխատանք՝ գիտելիք և տեղեկատվություն տարածելու նպատակով: Շնորհակալության են արժանի բոլոր գործընկերներս, ինչպես այն երկարամյա, այնպես էլ ժամանակավոր: Քանզի բոլորն իրենց ներդրումն են ունեցել մեր թերթի ստեղծման գործում. 10 տարի առաջ՝ անհայտ, այժմ՝ գնահատված իր ուրույն միջավայրում:
Անշուշտ, շնորհակալություն ենք հայտնում նաև ձեզ, մեր սիրելի ընթերցողներ, ոչ միայն ընթերցելու, այլ նաև դիտողությունների, ուղարկված հաղորդագրությունների և գնահատանքի համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև Ներքին գործերի և վարչարարության նախարարությանը, քանզի շնորհիվ նախարարական դրամաշնորհի է «Ավետիսը» թողարկվում և անվճար է: Շնորհակալ ենք ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցների արժեքը գնահատելու համար: Հուսով ենք, որ այս համարը կհիշենք 10 տարի անց:
Հրավիրում ենք ընթերցանության: «Ավետիսի» քառասուներորդ համարը կարելի է նաև ներբեռնել: do pobrania .