
Պատկերասրահ
Մեր հրապարակումները
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
«Արմենիկա»-ն Վրոցլավի Օսսոլինսկիների անվ. ազգային ինստիտւտի վիրտուալ ցուցահանդեսում
«Յագելոնյանների ոսկե դարաշրջանը» վիրտուալ ցուցահանդես է, որը պատրաստվել է Սիգիզմունդ II Օգոստոս թագավորի ծննդյան 500-ամյակի կապակցությամբ: Այն իրականացվել է Վրոցլավայի Օսսոլինսկիների անվ. Ազգային ինստիտուտի կողմից՝ Կրակովի ազգային թանգարանի, Ուկրաինայի Վ. Ստեֆանիկի անվ. Լվովի ազգային գիտական գրադարանի, Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ դոկտոր Դորոտա Սիդորովիչ-Մուլակն է, իսկ ցուցահանդեսին ներկայացված նկարագրությունները պատրաստել է պրոֆ. Անջեյ Ժեմբան: Հրավիրում ենք դիտելու այս եզակի ցուցանմուշները, օգտվելու կրթական խաղերից և ինտերակտիվ թեստերից և լսելու վոկալ երաժշտության համերգ Յագելոնյանների դարաշրջանից:
Ցուցահանդեսը հասանելի է՝ www.zlotaepoka.ossolineum.pl կայքում:
«Արմենիկա» Հիմնադրամի հավաքածուից, Հասարակություն և տնտեսություն բաժնում …:
- Baptismvs Armenorvm … Adiecta est prætera purificatio mulieris Armenæ post partum in calce libelli Dzieło dotyczące sakramentu chrztu w obrządku ormiańskim wydane w Krakowie w 1544
- Potwierdzenie przywileju wystawionego przez króla Kazimierza Wielkiego w 1367 roku dla Grzegorza, biskupa Ormian polskich we Lwowie, wydane przez króla Władysława Jagiełłę w 1388
- Statuty prawa ormiańskiego, Lwów, prawdopodobnie z 1528
ՀԲԸՄ-ն օգնում է «COVID-19»-ից տուժած հայերին
Բրյուսելում գործող Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստեղծել է Մարդասիրական շտապ օգնության հիմնադրամը` աջակցելու COVID-19 համավարակից տուժած և վտանգված հազարավոր հայերի: Կարող եք միանալ այդ օգնությանը հետևյալ հղումով՝ www.agbugiving.org/reliefefforts/
ՀԲԸՄ-ի՝ առաջնորդությանը վերաբերող զարգացման ծրագիր
ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլաս Տավիտյանը նկարագրում է «GORIZ» ծրագիրը հետևյալ կերպ. «Ինչպես ցույց են տվել Հայաստանում վերջին իրադարձությունները, պատմությունը մշակման փուլում է, իսկ հայերը կարող են օրինակ հանդիսանալ համաշխարհային բեմում` ինչպես համարձակ ազգ, որն ինքն է ձևավորում իր ապագան: (…) Հայ ժողովրդին անհրաժեշտ է հմուտ առաջնորդների նոր սերունդ, որպեսզի միասին դիմակայեն նոր մարտահրավերներին (…)»: Տավիտյանը նշում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ համայն հայության համար: Ծրագիրը նախատեսված է 15 արական և 15 իգական սեռի ներկայացուցիչներից կազմված խմբի համար, ովքեր կմեկնարկեն Առաջնորդության զարգացման վեցամյա ուղևորությունը: Այս ուղևորությունը բաղկացած կլինի դասախոսություններից, փորձարարական սեմինարներից և սոցիալական կապվածությանը վերաբերվող դասընթացներից: Որպես «GORIZ» ծրագրի մի մաս, ՀԲԸՄ Եվրոպան կազմակերպում է «Առաջնորդիր ինքդ քեզ, այլոց և կազմակերպություններին» խորագրով բաց ուղիղ վեբինարը, որը տեղի կունենա 2020 թ. հուլիսի 4-ին, ժամը 15:00-ին.
Գրանցումը՝ www.leadership.am կայքում: Առցանց սեմինարը կվարի «Accenture»-ի գլխավոր տնօրեն Արմեն Հովհաննեսովը: Միջոցառման հղումը՝ https://www.facebook.com/events/626986528173120/
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը
Հայ բնակչության սպանդը սկսվեց 1915 թ. ապրիլի 24-ին, երբ հայ մտավորականության ներկայացուցիչների մեծ մասը ձերբակալվեց և սպանվեց: Հաջորդ քայլը հայ համայնքի վերաբնակեցումն էր Թուրքիայի շրջաններից դեպի Միջագետք և Սիրիա. տափաստանների և անապատների միջով շաբաթներ ձգվող քայլերթ, որի ընթացքում տեղահանվածները սպանվեցին, թալանվեցին և խոշտանգվեցին: Ընդհանուր առմամբ, կյանքից զրկվեց ավելի քան մեկ միլիոն հայ: Մինչ օրս Թուրքիան հրաժարվում է այդ զանգվածային սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն:
Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, TVP Historia ալիքով ցուցադրվեց այս թեմային նվիրված ֆիլմ, որը հասանելի է համացանցում հետևյալ հղումով. ludobojstwo-ormian
Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ հայր պրոֆ.
Յուզեֆ Նաումովիչը
մեզ ուղարկեց հետևյալ հաղորդագրությունը.
Կոչ եմ անում ապրիլի 24-ին հատուկ ձևով նշել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:
Այս տարի մենք չենք կարող, ինչպես ամեն տարի, հավաքվել Լեհաստանի տարբեր քաղաքների (Կրակով, Վրոցլավ, Գդանսկ, Վարշավա և այլն) խաչքարերի մոտ՝ միասին աղոթելու, ծաղիկներ դնելու, զոհերին հարգանքի տուրք մատուցելու: Չենք կարող քայլել քաղաքների փողոցներով` հայկական պաստառներով և դրոշներով, հիշատակի երթերով, որպեսզի անընդհատ հիշեցնենք այս ողբերգության մասին: Այնուամենայնիվ, կարող ենք այս հիշողությունը պահպանել անհատապես կամ ընտանիքներում:
Կարող ենք նաև աղոթել այս սպանդի զոհերի, խաղաղության, ինչպես նաև աղոթել հայ սուրբ նահատակների համար:
Ուզում եմ հիշեցնել, որ ունենք հայ սուրբ նահատակներ.
- 2001 թ-ին Վատիկանում Հովհաննես Պողոս Երկրորդը սրբադրել է թուրքական Մարդինի հայ կաթողիկե արքեպիսկոպոս Իգնացի Մալոյանին, ով նահատակվել է՝ դատապարտվելով, սարսափելի կերպով խոշտանգվելով, բայց հրաժարվելով կրոնափոխվել և իսլամ ընդունել: 1915 թվականի հունիսի 11-ին գնդակահարվելուց առաջ, նա մերժել է իր կյանքը փրկելու առաջարկը՝ հավատը մերժելու գնով:
- 2015-ի օգոստոսին սրբադրվել է սիրիացի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիան Միքայել Մելկին, ով սպանվել է 1915-ի օգոստոսի 29-ին հայերի և ասորիների ցեղասպանության ժամանակ՝ կրոնափոխվելուց հրաժարվելու համար: Սրբադրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լիբանանում, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից արարողությունը գլխավորում էր կարդինալ Անջելո Ամատոն:
- 2015 թ-ի ապրիլին 23-ին Հայ Առաքելական Եկեղեցին սրբացրեց 20-րդ դարասկզբի ցեղասպանության զոհերին՝ նրանց ճանաչելով որպես նահատակներ: Նահատակների թվով, սա համարվում է ամենամեծ սրբադասումը քրիստոնեության պատմության մեջ (1.5 միլիոն նահատակ): Ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի նախօրեին, Էջմիածնում սրբադասումը կատարեցին երկու հայ կաթողիկոսներ՝ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, Հռոմի Կաթոլիկ ու Հայ Կաթողիկե Եկեղեցիների ներկայացուցիչների և այլ դավանանքների ներկայացուցիչների ներկայությամբ:
Նոր սրբերի հիշատակման օրն առաքելական ծիսական օրացույցում նշանակվել է ապրիլի 24-ը, որպես «Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի ոգեկոչման օր, որոնք ընկան հանուն իրենց հավատքի և հայրենիքի»:
Թող խորհրդանշական անմոռուկը` մանուշակագույն, նաև կապույտ, նշան դառնան ողբերգության հիշատակի և միևնույն ժամանակ քաջության, փառքի և հավատքի` 1915-1917 թթ. հայ նահատակների համար, ովքեր զոհվեցին իրենց հայրենիքի և քրիստոնեական հավատքի համար:
Ապրիլի 24-ին ես անհատապես աղոթելու եմ Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ (Վարշավա – Սադիբա),
ինչպես նաև Աստծո նախախնամության տաճարի բակում գտնվող խաչքարի մոտ (Վարշավա -Վիլանուվ)։
Հայր Յուզեֆ Նաումովիչ
«Przegląd Wschodni» լրագիրը՝ Ստանիսլավովի ծխական համայնքի մասին
«Przegląd Wschodni» եռամսյա լրագրի 2-րդ թողարկման մեջ (58-րդ համար) կարող ենք գտնել Մարչին Տիշկայի տեքստը՝ Ստանիսլավովի Հայ Կաթողիկե ծխական համայնքի գործունեության մասին: Հոդվածի ամբողջական վերնագիրն է. «Կործանումից առաջ. Ստանիսլավովի Հայ Կաթողիկե ծխական եկեղեցու գոյության վերջին տարիները»: Մարչին Տիշկան, հիմնվելով նաև Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամում առկա փաստաթղթերի վրա, խոսում է ծխական կյանքի ամենակարևոր իրադարձությունների մասին, ուրվագծում է նրա կերպարը անկախության վերջին տարիներին և բռնազավթման տարիներին: Հաղորդում է տեղեկություններ մշտական ծառայությունների մասին, ինչպես նաև ծիսական օրացույցի հետ կապված տոնակատարությունների մասին: Նա մեջբերում է խոշոր իրադարձությունների մասին ռեպորտաժներ, ներառյալ 1937 թ.-ին «Գթասիրտ Տիրամոր» պատկերի պսակումից, որը եզակի տոնակատարություն էր Ստանիսլավովի ծխական հանայնքի և ընդհանրապես քաղաքի կյանքում: Հրապարակված տեքստից տեղեկանում ենք, թե ինչպես են բռնազավթման տարիներն ազդել գործունեության բռնի կրճատման վրա, որը հիմնականում սահմանափակվել է աղերսներով և պատարագներով ՝ «երջանիկ վերադարձի համար …»: Հեղինակը մատնանշում է տեղում գործող հովիվների հսկայական նվիրվածությունը՝ չնայած դժվարություններին, որոնք առաջացել են ողբերգական ժամանակների հետ կապված:
«Przegląd Wschodni» լրագրի նույն համարում Դարիուշ Մաչյակը պատրաստել է 2016-2018 թթ. ամենակարևոր իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք տեղի էին ունեցել Լեհաստանի տարբեր քաղաքներում, և վերաբերում էին Կազիմիր Մեծի կողմից 1367 թ-ին լեհահայերին արտոնության տրամադրման 650-ամյակի տոնակատարություններին:
«Լեհահայերի» պարբերականի նոր՝ 6-րդ համարը
Լույս է տեսել լեհահայերի պատմությանը նվիրված «Լեհահայեր» պարբերականի նոր՝ 6-րդ համարը: Բովանդակությունն, ինչպես միշտ, շատ հետաքրքիր է: Մոնիկա Ագոպսովիչը փորձում է վերականգնել 17-րդ դարի վերջին Կամենեցի հայերի անվանացանկը: Դորոտա Յաժոմբեկ-Վասիլը գրում է Վարշավայի հնարամիտ հայերի մասին, որոնցից, հավանաբար, Շիմոնովիչը դարձել է Բոհոմոլեցի կատակերգության կերպարի նախատիպը: Մաքսիմ Պոտապենկոն գրում է Մոհիլով Պոդոլսկի հայության մասին, իսկ հայր Մարեկ Միլավիցկին վիեննական ժողովածուներից մեջբերում է Գալիցիայի Հայ կաթողիկե եկեղեցու պատմության աղբյուրները: Շատ հետաքրքիր է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Վահան Օհանյանի բանախոսությունը՝ հայ մտավորականներից վանական Ղևոնդ Ալիշանի՝ 19-րդ դարի հայ բանաստեղծի և պատմաբանի մասին: Տոմաշ Քշիժովսկին ներկայացնում է արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի նամակագրությունը Լեհաստանի պրիմաս, կարդինալ Ավգուստ Հլոնդի հետ: Ռոմանա Օբրոցկան կազմել է Իսահակ Անտոնի Դոնիգևիչի նամակներն աշխատանքային ճամբարից: Ձայներ, զեկույցներ և տեղեկություններ հավելվածում, ի թիվս այլոց, Քշիշտոֆ Ստոպկան վերադառնում է Սկևրայի Ավետարանի ճակատագրին, Անդժեյ Պիսովիչն անդրադառնում է Պենդերեցկի ազգանվան ծագումնաբանությանը: Անջեյ Ժեմբան գրում է Յասսից մի գտածոյի մասին, որը կարող է լինել Թ. Աքսենտովիչի «Հայաստանի մկրտությունը» նկարը, որը պատվիրել է հայր Բոգդանովիչը Սուչավայի եկեղեցու համար: Անջեյ Ժեմբան լուսաբանում է նաև Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքների սկիզբը:
Հարգելի՛ ընթերցողներ:
Երբեք չենք մտածել, որ այսպիսի պահ կգա, ավաղ այն եկավ: Ամենուր միայն մեկ թեմա է՝ համաճարակ: Համաճարակի տարածման մասշտաբները և արագությունը աննախադեպ են 21-րդ դարում: Անասելի ծանր է անհատների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, վերջապես, երկրների ու ամբողջ աշխարհի վիճակը, ինչպես նաև վաղվա օրվա անորոշությունը և կարանտինի բարդությունը: Սակայն այս ամենը մենք գիտենք և պետք է ինչ-որ կերպ գոյատևենք: Պետք է նաև հիշել այն ծանր աշխատանքի մասին, որն առաջնագծում տանում են բժիշկները, բուժքույրերը, փրկարարները…, և մտածել` կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ մեկին օգնել այս իրավիճակում, նույնիսկ հեռակա կարգով:
Մինչդեռ, մեր խմբագրությունը շարունակում է իր աշխատանքը՝ հուսալով, որ «Ավետիսի» հոդվածները կօգնեն շեղել մեր ընթերցողների ուշադրությունն այն ամենից, ինչ կատարվում է պատուհանից դուրս, և զբաղեցնել ձեր միտքը, երբ գրեթե դուրս չենք գալիս: Մեր ամսագրում, ինչպես միշտ, առկա են շատ հիշողություններ, կենսագրություններ, պատմություններ, ինչպես նաև տարբեր իրադարձությունների լուսաբանումներ և նոր հրատարակությունների ակնարկներ: Հուսով ենք, ինչպես և դուք, որ իրավիճակը որքան հնարավոր է շուտ կբարելավվի, և կյանքը կընթանա իր բնականոն հունով:
Խմբագրություն
Հայոց լեզվի եվ գրաբարի դասընթացներ մեծահասակների համար
Հայ մշակութային ընկերությունը սրտանց հրավիրում է լեզվի դասընթացների.
- ժամանակակից հայերեն(աշխարհաբար, արևելահայերեն տարբերակով, որն օգտագործվում էՀայաստանում, Վրաստանում և Իրանում)
- հին հայերեն (գրաբար, որն օգտագործվում է Հայ առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու պատարագներում)
Դասերը վարում է Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, ականավոր լեզվաբան և հայագետ Անդժեյ Պիսովիչը: Դասերն անցկացվում են չորեքշաբթի (գրաբար), ժամը՝ 15:15-ին և ուրբաթ (աշխարհաբար), ժամը՝ 10:20-ին, ՀՄԸ-ի գրասենյակում, Ստուդենսկա փող. 2, Կրակով:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ էլ.փոստի միջոցով: otk@otk.org.pl
Նոր բացահայտում Վենետիկի Մխիթարյան Միաբանության հավաքածուներում
Ըստ news.onet-ի, իտալուհի դոկտորանտ հնագետ Դալլ Արմելինան 2017 թ.-ին, Սուրբ Ղազար կղզի և Մխիթարյան միաբանության վանք իր շրջայցի ընթացքում, հավաքածուների մեջ նկատել է մի թուր, որն, իր կարծիքով, շատ ավելի հին է, քան նշված է եղել վերջինիս նկարագրության մեջ: Մանրամասն ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ հայ կոլեկցիոների կողմից 150 տարի առաջ վանականներին նվիրված թուրն ավելի քան 5000 տարեկան է և պատրաստվել է բրոնզե դարից առաջ, ինչը վկայում է խառնուրդը, որից պատրաստված է: Ըստ պահպանված փաստաթղթերի, թուրը գտնվել է Սև ծովի հարավ-արևելքում գտնվող Տրապիզոն քաղաքի մոտակայքում: Հետաքրքիր է, թե ինչ այլ անսովոր իրեր են թաքցնում հայկական վանքի հիանալի հավաքածուները: Այս սենսացիոն հայտնագործության մասին ավելին կարող եք կարդալ այստեղ. https://wiadomosci.onet.pl/swiat/wlochy-doktorantka-archeologii-odnalazla-miecz-sprzed-pieciu-tysiecy-lat/vxrp86x
Հայ կաթողիկե ծիսակարգով սուրբ պատարագ Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում

Msza św. w rocznicę odsłonięcia tablicy abpa J. T. Teodorowicza w archikatedrze św. Jana Chrzciciela
2019 թվականի փետրվարի 9-ին լրացավ լեհական սեյմում արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի հիշարժան ճառ-քարոզի 100-ամյակը: Այս իրադարձության ոգեկոչման համար Վարշավայի մայր եկեղեցում բացվեց մի հուշատախտակ, իսկ Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ՝ կարդինալ Կազիմիր Նիչն օծեց այն:
2020 թվականի փետրվարի 16-ին Վարշավայի մայր եկեղեցում նշեցինք այդ հուշատախտակի բացման և օրհնման առաջին տարեդարձը: Տաճարի գրական մատուռում պրոֆ. Յուզեֆ Նաումովիչը մատուցեց Հայ կաթողիկե ծիսակարգով սուրբ պատարագ: Իր քարոզում նա հիշեցրեց արքեպիսկոպոս Յ. Թեոդորովիչի վաստակը Լեհաստանի անկախության վերականգնման գործում, ինչի համար վերջինս պայքարում էր Վիեննայի Լորդերի պալատում, Վատիկանում, Եվրոպայում: Յ. Թեոդորովիչը հայ էր, բայց ամենից առաջ՝ մեծ հայրենասեր էր, որը պայքարում էր Սիլեզիայի, Պոզնանի լեհականացման համար: Նա մեծ հռետոր էր, մեծ աստվածաբան և հիանալի քարոզիչ, և նրան, որպես Պոդլասկե շրջանի պատգամավորի, առաջարկվեց ճառ-քարոզ կարդալ 1919 թ. փետրվարի 9-ի պատարագի ժամանակ՝ Օրենսդիր Սեյմի առաջին նստաշրջանից մեկ օր առաջ: Յուզեֆ Նաումովիչը հիշեցրեց նաև այս քարոզի արձագանքների մասին. ժամանակակից մամուլը արքեպիսկոպոս Թեոդորովիչին ներկայացնում էր որպես առաջին լեհ քարոզիչ: Հիշեցրեց արքեպիսկոպոսի աճյունի ճակատագրի մասին, որն, իր կամքի համաձայն, թաղված է 20 թվականի մարտերի հերոսների շարքերում՝ Լվովի արծիվների գերեզմանատանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, վախենալով պղծումից, արքեպիսկոպոսի աճյունի մոխիրը թաքցվել էր Լիչակովսկի գերեզմանատան դամբարանում: Անհրաժեշտ էին բարդ և երկարամյա դիվանագիտական ջանքեր, որպեսզի, վերջապես, 2011 թվականին մոխիրն իր նախնական ամփոփման վայր հասցվեր: Տեր Յուզեֆ Նաումովիչը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս բարդ գործում: Նա առաջարկեց հաջորդ տարի՝ 2021 թվականի հունիսին, արքեպիսկոպոս Յ. Թեոդորովիչի վերստին հուղարկավորման 10-ամյակի կապակցությամբ, ուխտագնացություն կազմակերպել դեպի Լվով՝ այս տարեդարձը նշելու: Վերջում պատարագի մասնակիցները մոտեցան հուշատախտակին, որտեղ արտասանեցինք «Հայր մերը», երգեցինք «Բոժե ցոշ Պոլսկը…» (լեհ.՝ Boże coś Polskę…), իսկ Յ. Նաումովիչը օրհնեց բոլորին: Այս պատարագը, որին մասնակցում էին շատ հավատացյալներ, ոչ միայն կաթոլիկ հայեր, անշուշտ մեր հիշողության մեջ կմնա երկար ժամանակ: